Daily Archives: March 14, 2023

Առյուծի մահը

Մաս առաջին 

Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…

  • Գրել հետևյալ բառերի հոմանիշներ.  հպատակ, -Հնազանդ, շռայլ-Առատաձեռն, ընդարձակ-Լայնարձակ, գեղածիծաղ-Ծիծաղկոտ, պեղել-Փորել, խոխոջ-Խոխոջյուն, սպրդել-Սողոսկել, գգվել-Գուրգուրել, աննշմարելի-Աննկատելի, բարվոքել-Բարելավել, հեղեղատ-Զոր, ամբարտակ-Պատվար, պերճություն-ճոխություն:
  • Բնութագրի՛ր արքային